«Կենդանի դասական-2023» մրցույթի հաղթող է դարձել 6-րդ դասարանցի աշակերտը Երևանից

Մխիթար Մկրտումյանը
Ազգային փուլի բոլոր մասնակիցները Երևանում Ռուսական տան կողմից մասնակցի դիպլոմներ և նվերներ ստացան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. «Կենդանի դասական-2023» պատանի ասմունքողների միջազգային մրցույթի ազգային եզրափակիչը տեղի ունեցավ Երևանի Ռուսական տանը: Հաղթող ճանաչվեց Երևանի Ն.Վ. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Մխիթար Մկրտումյանը:
Երևանի Ռուսական տան մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկրորդ տեղը զբաղեցրել է Արարատի թիվ 4 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Նարե Եղիազարյանը, երրորդ տեղը՝ Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Ասյա Պարոնյանը:
Եզրափակիչ անցած ևս ինը մասնակիցներ տարբեր անվանակարգերում մրցույթի ազգային փուլի դափնեկիրներ են դարձել: Ազգային փուլի բոլոր մասնակիցները Երևանում Ռուսական տան կողմից մասնակցի դիպլոմներ և նվերներ ստացան:
Տաք բլիթներ ու թեյ. Հայաստանում Ռուսական տունը Բարեկենդանն է նշել
Նշենք, որ մրցույթին մասնակցել են Հայաստանի քաղաքներից և գյուղերից ընդհանուր առմամբ 30 դպրոցականներ, որոնք հաջողությամբ հաղթահարել են մրցույթի ընտրական փուլերը:
Ժյուրիի կազմում այս տարի ընդգրկվել են Երևանի Ռուսական տան ռուսաց լեզվի նախագծերի և կրթական ծրագրերի համակարգող Տատյանա Դրոնսկայան, Երևանի մնջախաղի և պոեզիայի «Անվերջ թատերական կղզի» մանկապատանեկան թատրոնի ղեկավար Գեորգի Խոջոյանը և Երևանի պետական համալսարանի ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը: