ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ջերմուկի ճոպանուղին, որը զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող վայրերից է, գտնվում է վերանորոգման փուլում։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։
«Աշխատանքները կատարվում են հնարավորինս արագացված՝ զբոսաշրջային ակտիվ սեզոնին ընդառաջ»,–գրել է նա։
Արսենյանը հիշեցրել է, որ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած ենթակառուցվածքների թվում էր նաև ճոպանուղին, որի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր։
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հայտնել էր` ճոպանուղին թշնամու անմիջական դիտարկման տակ է։