ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի բանաձևի քվեարկությունը, որով կազմակերպության գլխավոր քարտուղարին կոչ է արվում հանձնաժողով ստեղծել «Հյուսիսային հոսքում» դիվերսիայի հետաքննության համար, տեղի կունենա մարտի 27-ին: Տեղեկությունը լրագրողներին հայտնել են Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում։
Անցյալ տարվա սեպտեմբերին պայթյուններ տեղի ունեցան դեպի Եվրոպա գազ արտահանող երկու գազատարներում՝ «Հյուսիսային հոսքում» և «Հյուսիսային հոսք 2»–ում։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակային դիվերսիան։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության մասին գործ է նախաձեռնել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին հայտնեց, որ «Գազպրոմին» թույլատրել են ուսումնասիրել պայթեցման վայրը, և ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը նրան զեկուցել է հետազոտության մասին: Պուտինը հայտարարեց, որ գազատարի վրա տեղի ունեցած պայթյունն ակնհայտ ահաբեկչություն է։
Ամերիկացի լրագրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը փետրվարի 8-ին հրապարակեց «Հյուսիսային հոսքերում» պայթյունների վերաբերյալ իր հետաքննությունը, որում, հղում անելով իր աղբյուրին, գրում էր, որ ռուսական գազատարների տակ պայթուցիկ սարքերը 2022 թվականի հունիսին «Baltops» զորավարժությունների քողի տակ դրել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ջրասուզակները՝ նորվեգացի մասնագետների աջակցությամբ։ Հերշի տեղեկություններով ՝ գործողության անցկացման մասին որոշումը կայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ազգային անվտանգության հարցերով զբաղվող վարչակազմի ներկայացուցիչների հետ ինն ամիս տևած քննարկումների արդյունքում: