ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Անցած տարվա աշնանը հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն իրականացրած եվրոպական դիտորդների զեկույցը հասանելի է միայն հենց Եվրամիության երկրների համար։ Այս մասին ԱԺ-ում համապատասխան հանձնաժողովի նիստին հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով ՔՊ–ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցին, թե որտեղ կարելի է ծանոթանալ ընթացիկ փաստաթղթի հետ` ԵՄ դիրքորոշումը հասկանալու համար։
«Եվրոպական միության դիտորդական առաքելությունն աշխատանքների արդյունքում ունեցել է փաստաթուղթ, որը սահմանափակ հասանելիություն ունի։ Այն տրամադրվել է միայն ԵՄ անդամ երկրներին։ Փաստաթուղթը հրապարակային չի զեկուցվել»,– ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։