ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերագրվող ընտրակաշառքի գործն ԱԱԾ-ն կարճել է, գրում է «Հրապարակը»։
Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը գործը կարճելու միջնորդություն է ուղարկել դատախազություն: «Հրապարակի» հարցին ի պատասխան՝ դատախազությունից հորդորել են գրավոր հարցում ուղարկել, իսկ փաստաբանը չի հերքել, որ միջնորդություն է ներկայացրել, սակայն ասել է, որ իրեն հայտնի չէ՝ գործը կարճվե՞լ է, թե՞ ոչ: Խաչատրյանը նշել է նաև, որ տևական ժամանակ է՝ Ծառուկյանի նկատմամբ քննչական գործողություններ չեն իրականացվում։
Հիշեցնենք, որ խոսքը շուրջ երեք տարի՝ 2020-ի հունիսից քննվող գործի մասին է, որը վերաբերում է 2017 թվականի ընտրություններին: Ըստ մեղադրանքի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք էր բաժանվել, և որոշ քաղաքացիներ ցուցմունքներ էին տվել։ Այդ գործի շրջանակներում 2020-ին կալանավորվեց նաև ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, իսկ ավելի ուշ վերաքննիչ դատարանը նրան ազատ արձակեց:
Մանուկյանի դեմ ցուցմունք տված միակ անձը «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանն էր, ում ցուցմունքը, ըստ էության, բավարար չէր Մանուկյանին պատժելու համար: Այս տարեսկզբին պարզ դարձավ, որ Մանուկյանի դեմ հարուցված գործը կարճվել է, ինչից հետո բնական է, որ Ծառուկյանի պաշտպանի միջնորդությունն ԱԱԾ-ն պետք է բավարարի: