Երևանը ջանքեր է գործադրում ԼՂ և Լաչին ՄԱԿ–ի և ԵԱՀԿ առաքելություններ ուղարկելու համար. ԱԳՆ

Արարատ Միրզոյանը . Արխիվային լուսանկար
Լեռնային Ղարաբաղում հումանիտար գործունեության ծավալման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանն ակտիվ քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ–ի և ԵԱՀԿ փաստահավաք առաքելություններ ուղարկելու ուղղությամբ։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք հիմա ակտիվ ջանքեր ենք գործադրում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ–ի և ԵԱՀԿ միջազգային փաստահավաք առաքելություններ ուղարկելու ուղղությամբ»,– ասաց նա։
Միրզոյանն ընդգծեց, որ քայլեր են արվում նաև Լեռնային Ղարաբաղում միջազգային կազմակերպությունների ներգրավման և հումանիտար գործունեության ծավալման ուղղությամբ։
ԱԳ նախարարը շեշտեց` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված գործառույթների շրջանակներում` հաշվետու տարում քննարկումներ են եղել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի, ՄԱԿ–ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի հետ։
Ներկայում մարդասիրական աշխատանքներ իրականացնում են միայն ՌԴ խաղաղապահ զորախումբն ու Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը։
Ըստ Միրզոյանի ներկայացրած զեկույցի` աշխատանքները շարունակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համանախագահության պահպանման և վերջինիս կողմից կուտակված փորձի օգտագործման ուղղությամբ։ Նրա խոսքով` այդ ամենն արձանագրվել է Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության, ինչպես նաև ՀՀ–ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի ամփոփիչ համատեղ հայտարարության տեքստերում։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։