Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է դիմելու լայնածավալ ուժի կիրառման

Արմեն Պապիկյան. Արխիվային լուսանկար
Արմեն Պապիկյանն ընդգծել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին անդրադարձ է կատարվել Հայաստան–Ադրբեջան սահմանային իրավիճակի սրմանը, Արցախի և Հայաստանի դեմ ուղղված Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության վերաբերող հարցերին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
ԵԱՀԿ ՄԽ նիստում քննարկվել է «Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրավիճակի սրմանն ուղղված Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը և ստանձնած պարտավորությունների խախտումները» թեմայով ընթացիկ հարցը։
Հարցը ներառվել է ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ։
ՀՀ առաքելության ղեկավար, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը նիստին անդրադարձել է Արցախի և Հայաստանի դեմ ուղղված Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում իրավիճակի սրմանը և մարտի 22-ին հակառակորդի կրակոցից ՀՀ զինծառայողի մահացու վիրավորման դեպքին:
«Պապիկյանն ընդգծել է, որ 2020թ. ռազմական գործողությունների դադարեցումից հետո էլ Ադրբեջանը շարունակում է խախտել եռակողմ և քառակողմ հայտարարությունները։ Նա ընդգծել է, որ գործնականում չի մնացել այդ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի՝ հայ գերիներին, պատանդներին, մինչ օրս ապօրինի անազատության մեջ պահելուց մինչև Լաչինի միջանցքի և տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը խոչընդոտելը»,– ասված է հաղորդագրությունում։
Բարձր գնահատելով մի շարք երկրների հստակ հայտարարությունները Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացման վերաբերյալ՝ դեսպանն ընդգծել է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման, ինչպես նաև Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը:
Արմեն Պապիկյանն անդրադարձել է նաև ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշմանը, որը նույնպես չի կատարվել մինչ օրս։ Մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր են։
Ոչ մի հայ երբեք չի համաձայնի ապրել այսպիսի Ադրբեջանում. ՀՀ նախագահ
Արմեն Պապիկյանը շեշտել է, որ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը։ Նա ընդգծել է, որ միևնույն ժամանակ, Բաքուն վերաբնակեցնում է Լեռնային Ղարաբաղի իր վերահսկողության տակ անցած տարածքները՝ ժողովրդագրական պատկերը փոխելու նպատակով:
ՀՀ առաքելության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։