ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 2024թ–ի ընտրական փուլը նոր է մեկնարկում, ու այս պահին բոլոր թիմերն էլ ունեն հավասար հնարավորություններ։ Այս մասին այսօր նախախաղային ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը
© Sputnik / Aram Nersesyan
Նշենք, որ մարտի 25–ին Երևանում կայանալիք Հայաստան – Թուրքիա խաղից առաջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ու հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը հանդիպել են լրագրողների հետ։
Թիմի մարզիչն ընդգծեց, որ ազգային հավաքականի դրոշի ներքո հրավիրված ֆուտբոլիստները լավ տպավորություն են թողել իր վրա։
«Ես ծանոթացա յուրաքանչյուր խաղացողի հետ, առանձին խոսեցի նրանց հետ: Ընդհանուր առմամբ, այդ խոսակցությունները տևեցին մոտ վեց ժամ: Նրանք բոլորն էլ լավ տպավորություն թողեցին»,- ասաց Պետրակովը:
Նրա խոսքով` թիմում սկզբում դիսբալանս կար, բայց կարողացան շտկումներ կատարել։ «Այս պահին թիմը նորմալ վիճակում է ու պատրաստ է խաղին»,–ասաց մարզիչը։
Հենրիխ Մխիթարյանի բացակայության պայմաններում, արդյոք կարո՞ղ է Էդուարդ Սպերցյանը դառնալ հավաքականի առաջատարը, Նաիր Տիկնիզյանը ի՞նչ օգուտ կարող է բերել թիմին` լրագրողների այս հարցին Պետրակովը ասաց, որ չէր ուզենա, որ իր խոսքերը աղավաղվեն։
«Ես դեմ չեմ լինի, եթե Սպերցյանը դառնա թիմի առաջատարը, բայց շատ լավ կլինի, որ թիմում ոչ թե մեկ այլ մի քանի առաջատարներ լինեն։ Նրանք հայ են ու նվիրված են իրենց հավաքականին։ Նույնը վերաբերվում է նաև Նաիր Տիկնիզյանին։ Նա շատ լավ ֆուտբոլիստ է, ու ես գնահատում եմ դա», - ասեց Պետրակովը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի ավագ Վարազդատ Հարոյանի ասուլիսը
© Sputnik / Aram Nersesyan
Համեմատելով Հայաստանի նախկին ու ներկայիս հավաքականներին` Պետրակովը նշեց, որ հարգում է այն տղաներին, որոնք խաղացել են նախկինում, բայց բնական է, որ ժամանակի ընթացքում կազմի փոփոխություն, երիտասարդացում պետք է լիներ։
«Հավաքականը կենդանի օրգանիզմ է` անընդհատ փոփոխությունների ու զարգացման ենթակա։ Թե ինչ կկարողանամ ես անել, ժամանակին ընթացքում կհասկանանք, միգուցե կքննադատեք ինձ։ Ես պարզապես ուզում եմ, որ մեր ֆուտբոլիստները փոխեն իրենց հոգեկերտվածքը ու մտածեն միայն տիտղոսների, հաղթանակների մասին։ Մեզ այս պահին ժամանակ է հարկավոր։ Վաղվա մրցակիցն իրոք ուժեղ է, իսկ թե ինչ հաղթաթուղթ ունեք, չեմ ուզում խոսել այդ մասին», - նշեց Պետրակովը։
Թիմի ավագ Վարազդատ Հարոյանն ընդգծեց, որ Հենրիխ Մխիթարյանի ներկայության պայմաններում ամեն ինչ ավելի հեշտ կլիներ։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի ավագ Վարազդատ Հարոյանի ասուլիսը
© Sputnik / Aram Nersesyan
«Հենրիխը մեծ պրոֆեսիոնալ է, ու նրա ներկայությունը իհարկե կհեշտացներ մեր գործը խաղադաշտում։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Նա մեր ընկերն է, ու մենք հարգում ենք Հենրիխի որոշումը։ Պետք է ներկայիս թիմով փորձենք անել այն, ինչին ձգտում ենք։ Մենք խմբում ֆավորիտ չենք համարվում, բայց յուրաքանչյուր խաղին պատրաստվելու ենք և խաղադաշտ են դուրս գալու որպես վճռորոշ խաղի», - ասեց Հարոյանը։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Թուրքիայի ընտրանու հետ պաշտոնական երկու հանդիպում է անցկացրել։ Աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլում մեր ընտրանին և՛ սեփական, և՛ մրցակցի հարկի տակ խաղերում միևնույն՝ 0։2 հաշվով զիջել է մրցակցին։ Առջևում` մարտի 25–ին, թիմերի 3-րդ խաղն է, որը կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։