Ընտանիքս ո՞վ է պահելու. «Սուրմալուի» առևտրականները բողոքի ակցիա են անում

«Սուրմալու» առևտրի կենտրոն. արխիվային լուսանկար
Տեսչական մարմնի մասնագետներն այս պահին դեպքի վայրում են և ստուգումներ են իրականացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են անում և պահանջում, որ առևտրի կենտրոնը բացվի։ Նրանք պնդում են, որ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը չգիտես ինչու կրկին ստուգումներ չի անում։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը մարտի 21-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ «Սուրմալուում» հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների 51 խախտում է հայտնաբերվել. առևտրի կենտրոնը փակ է։
«Տնօրինությունն ասում է` բոլոր խնդիրները լուծել են, ինչ հայտնաբերել էր տեսչական մարմինը։ Հիմա երեքշաբթի օրվանից պետք է գային ու ստուգեին, որ մենք էլ գործի անցնեինք։ Այսօր առավոտյան ասել էին` պետք է գային ու ստուգումներ անեին, սակայն չեն գալիս։ Մենք մեր խանութներում ինչ պետք է, փոխել ենք»,–ասաց աշխատակիցներից մեկը։
Մեկ այլ աշխատակցի խոսքով` ամեն առավոտ գալիս են գործի այն հույսով, որ պետք է աշխատանքի անցնեն, բայց տեսչական մարմինն այդպես էլ նոր ստուգումներ չի իրականացնում. «Արդեն 9 օր է, ինչ փակ է շուկան։ Ամեն մեկս էլ ընտանիք ենք պահում, էսպես ո՞նց կլինի։ Տեսչական մարմնի չաշխատելու հետևանքով է, որ մենք էլ չենք աշխատում»։
Աշխատակիցներից տիկին Աիդան էլ պատմեց, որ ինքն է ընտանիքը պահում և չգիտի` ինչ է լինելու հետո, քանի որ բավական ապրանք ունի գնած։ Նրա խոսքով` լուրեր կան, որ առևտրի կենտրոնը պետք է փակվի, բայց իրենց ոչ մի բան չեն ասում։
«Ես 20 տարի է, ինչ այստեղ եմ աշխատում, 60-ն անց կին եմ։ Եթե այստեղից դուրս գամ, ո՞վ է ինձ աշխատանք տալու, ո՞վ է ընտանիքս պահելու»,– ավելացրեց կինը։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ երեկ է մուտք արվել առևտրի կենտրոնի դիմումը։ Նրա խոսքով` տեսչական մարմնի ղեկավարը համապատասխան հանձնարարական է տվել, և այս պահին իրենց մասնագետներն առևտրի կենտրոնում են ստուգումներ իրականացնելու համար։
Արմավիրում կասեցվել է ավազի լվացմամբ զբաղվող ընկերության ապօրինի գործունեությունը