Վարդան Մինասյանը վերսկսում է մարզչական գործունեությունը. հայտնի է` որ թիմի հետ է աշխատելու

Վարդան Մինասյան. Արխիվային լուսանկար
Մինասյանին օգնելու են մարզիչներ Արթուր Մկրտչյանը և Արտակ Օսեյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը վերսկսում է մարզչական գործունեությունը:
Նա այսօր կնշանակվի վրացական «Թելավի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը:

Նշենք, որ «Թելավին» հանդես է գալիս Վրաստանի ուժեղագույն՝ Էրովնուլի լիգայում: Մինասյանին կօգնեն մարզիչներ Արթուր Մկրտչյանը և Արտակ Օսեյանը, որը հատուկ այդ առիթով խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ (եղել է գլխավոր մարզչի օգնական):

Վարդան Մինասյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական է տվել 2018 թվականի սեպտեմբերի 21-ին, հավաքականը երկրորդ անգամ գլխավորելուց հետո։
Նա մարզչական կարիերան սկսել է 2004 թվականին Հայաստանի երիտասարդական հավաքականում, այնուհետ աշխատել է «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում», Հայաստանի ազգային հավաքականում: Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» անցկացրել է 69 խաղ, տոնել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-ոքի և կրել 14 պարտություն: Հինգ անգամ Հայաստանի լավագույն մարզիչ է ճանաչվել։
Հավելենք, որ Վարդան Մինասյանը շուրջ 1.5 տարի է, ինչ տարբեր թիմերի հետ բանակցությունների մեջ էր` ֆուտբոլից հեռանալու մասին էլ չի մտածում։
Նա 2021 թվականին 9 ամիս գլխավորել է ղազախական «Տարազ» թիմը և առաջնության վերջնամասում` հոկտեմբեր ամսին, հեռացել թիմից։