ԵՐԵՎԱՆ,13 մարտի – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ 49-ամյա Վարդան Մինասյանն այսօր պայմանագիր է ստորագրել Վրաստանի ուժեղագույն՝ Էրովնուլի լիգայում հանդես եկող «Թելավի» ակումբի հետ և առաջին մարզումն անցկացրել վրացական թիմում։
2021 թվականին Ղազախստանի «Տարազից» հեռանալուց հետո Մինասյանը երկար ժամանակ աշխատանք չուներ։ Դա չի նշանակում, որ հայտնի մասնագետը չէր կարողանում նոր ակումբ գտնել։ Sputnik Արմենիայի հետ բազմաթիվ հարցազրույցների ժամանակ Մինասյանը միշտ նշում էր, որ ունի աշխատանքային մի քանի տարբերակ, բանակցում է, բայց վերջնական համաձայնության դեռևս չի հասել։
Հայ մարզիչը նոր ակումբում առաջին մարզումն անցկացրել է իր օգնականներ Արթուր Մկրտչյանի ու Արտակ Օսեյանի հետ։
Դատելով լուսանկարներից` կարելի է ասել, որ Մինասյանն ու ֆուտբոլիստները բարձր տրամադրությամբ են անցկացրել առաջին մարզումը։
Նշենք, որ «Թելավիում» հանդես եկող ֆուտբոլիստների մեծ մասը վրացիներ են։ Թիմում կա ընդամենը երկու լեգեոներ՝ Վիտինյոն (Բրազիլիայից) և Ալեքս Ժունիոր Քրիստիանը (Հաիթիից)։ Թե ինչ փոփոխություններ կունենա «Թելավին» Մինասյանի գալուց հետո, ցույց կտա ժամանակը։
Վրաստանի առաջնությունում «Թելավին» իր առաջին հանդիպումը կանցկացնի ապրիլի 1-ին։ Այդ օրը թիմը հյուրընկալվելու է Քութաիսիի «Տորպեդոյին»։