ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց Թալիշում Ադրբեջանի ղեկավարի ելույթը, որն այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել։ Թալիշում տեղի ունեցածը, ըստ վարչապետի, Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպանության հիմնարար ապացույց է։ Ուստի, այն, ինչի մասին ահազանգում էին երկար ժամանակ, այլևս իրականություն է։
«Ադրբեջանը Թալիշում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում և դրանց փոխարեն կառուցում է ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջում է արձանագրությունները և հարցը համարում լուծված։ Այս գործողություններն ապօրինի են և հակասում են 2020-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ ասում է, որ ներքին տեղահանված անձինք վերադառնում են ԼՂ տարածք ՄԱԿ–ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` սա նշանակում էր` մարտի 18-ը պետք է նշանավորեր հայ բնակչության` Թալիշ վերադառնալով, այլ ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով։
Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի այս գործողություններին հետևեց ԼՂ–ից և հարակից շրջաններից բռնագաղթածների հայտարարությունը, որոնք եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրներից և ՄԱԿ–ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարից պահանջում են ապահովել բռնագաղթածների անվտանգ վերադարձն իրենց պատմական հողեր։ Վարչապետը շեշտեց, որ նշված պահանջն արդարացի է և ՀՀ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները հայտարարության հեղինակների և շահառուների իրավունքները պաշտպանելու համար։