ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ու ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հարկային և մաքսային ոլորտներում փոխգործակցության հարցեր են քննարկել։ Բադասյանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտներում ՀՀ կառավարության որդեգրած ուղենիշերը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հիմնական առաքելությունը և առաջնահերթությունները։ Ինչպես նաև ամերիկյան գործընկերների հետ սերտ համագործակցությունն ու այդ շրջանակում առկա ծրագրերի լայն օրակարգը։
Դեսպանը, ի թիվս այլ առաջնահերթությունների, հատկապես կարևորել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում ամերիկյան կողմի հանձնառությունը և հայկական կողմի հետ համագործակցությունը։
Երկուստեք գնահատվել է ԱՄՆ դեսպանության և Պետական եկամուտների կոմիտեի արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը: