ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Պետական վերահսկողական ծառայությունը 6 բժշկական կազմակերպություններում արձանագրել է ընդհանուր 542 մլն ՀՀ դրամի խախտում։ Այս մասին հայտնում են ՊՎԾ լրատվական ծառայությունից։
Մասնավորապես` առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ ) կողմից համակարգման և վերահսկման գործիքակազմի ոչ պատշաճ կիրառման պայմաններում ՀՀ-ում գործող մի շարք բժշկական կազմակերպություններ պետական բյուջեից 2020-2021թ.թ. ընթացքում պետպատվերի համար փոխհատուցում են ստացել, սակայն իրականում ներկայացված դեպքերը եղել են կա՛մ պետպատվերի շրջանակներում չփոխհատուցվող, կա՛մ ավելի ցածր արժեքով փոխհատուցման ենթակա բժշկական ծառայություններ։
«ՊԱԳ փորձագետ-մշտադիտարկողների ներգրավմամբ թվով 6 բժշկական կազմակերպություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդհանուր 541.690.017 ՀՀ դրամի խախտումներ, որից այս պահի դրությամբ ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 118.560.379 ՀՀ դրամ, ինչպես նաև քաղաքացիներին է վճարվել վերադարձման ենթակա՝ ընդհանուր 13.686.480,0 ՀՀ դրամ գումարը»,–նշում է ՊՎԾ-ն:
Բացի այդ, 2 բժշկական կազմակերպությունների հետ կազմվել են ժամանակացույցեր՝ արձանագրված խախտումներից ևս 96.445.601 ՀՀ դրամ գումարը ՀՀ պետական բյուջե վերականգնելու վերաբերյալ:
Նշվում է, որ ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված տեղեկանքների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են թվով 2 քրեական վարույթներ:
Խախտումները արձանագրվել են հետևյալ ԲԿ–ներում`
1. «Նաիրի բժշկական կենտրոն» `140.529.497 ՀՀ դրամի խախտումներ
2. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ` 119.343.340 ՀՀ դրամի խախտումներ:
3. «Արաբկիր բժշկական կենտրոն ԵԴԱԻ» ՍՊ` 80.828.110 ՀՀ դրամի խախտումներ
4. «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲ` 97.835.100 ՀՀ դրամի խախտումներ:
5. «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲ` 48.786.750 ՀՀ դրամի
6. «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲ` 53.757.220 ՀՀ դրամի։
Վերահսկվող օբյեկտի հետ կազմվել է ժամանակացույց՝ արձանագրված խախտումների գումարը 12 ամիսների ընթացքում ամբողջությամբ ՀՀ պետական բյուջե վերականգնելու նպատակով: