ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն միանշանակ զգում է, որ բրյուսելյան բանակցությունների հարթակը ձախողվել է։ Այսօրվա կառավարության նիստում ՀՀ վարչապետի ելույթը վերլուծելով` Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով` շատ վատ է, որ Նիկոլ Փաշինյանը նոր է հասկացել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը ենթադրում էր միջազգային երաշխավորներ ու երաշխիքներ, և նա իզուր էր կարծում, որ անընդհատ խաղաղության դարաշրջանի մասին խոսելով` կարող է զսպել Բաքվի ախորժակը:
Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի գործելակերպը եղավ պատճառը, որ հայկական կողմը շարունակում է պնդել, որ թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր:
«Նրա վերջին ասուլիսը հենց դրա մասին էր։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ անհրաժեշտ է երաշխավոր երկիր, որը ՀՀ–ին երաշխիքներ կտա ադրբեջանական հնարավոր ոտնձգությունների պարագայում։ Բայց հիմա Արևմուտք–Ռուսաստան գլոբալ հակամարտության պայմաններում դժվար է գտնել հուսալի երաշխավորներ, առավել ևս, որ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները խրված են ուկրաինական թնջուկի մեջ»,– ասաց Սուրենյանցը։
Նրա կարծիքով` Փաշինյանն արդեն գիտակցում է, որ իր կարգախոսն ու դրանով վարվող քաղաքականությունն ըստ էության ձախողվել են։ Օրինակ` ԱՄՆ–ն հայտարարում է, որ ոչ թե միջնորդ է, այլ գործընկեր, և դա ասում է, որպեսզի իրեն ապահովագրի հնարավոր անհաջողությունից։ ԱՄՆ–ն այս պահին չի ցանկանում հայ–ադրբեջանական խնդրի կարգավորման գործում մեծ ներգրավվածություն ունենալ։
«Արևմտյան գործընկերներին ձեռնտու է հնարավոր ապակայունացման ողջ պատասխանատվությունը ՌԴ-ին հասցեագրել։ Դա գլոբալ հակադրության տրամաբանությունից բխող վարքագիծ է, հետևաբար Հայաստանը պետք է պատասխանատվության խնդիրը դնի բոլորի առջև, այլ ոչ թե միայն Ռուսաստանի։ Անհրաժեշտ է հստակեցնել, թե որտեղով է անցնում կարմիր գիծը, որից անդին Արևմուտքը կսկսի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Նույն Արևմուտքը Ռուսաստանի հանդեպ կիրառում է արդեն պատժամիջոցների տասներորդ փաթեթը, մինչդեռ ՀՀ սուվերեն տարածք մտած Ադրբեջանի նկատմամբ նույն մոտեցումը չի ցուցաբերում` սահմանափակվելով միայն պարիտետային հայտարարություններով»,– նշում է Սուրենյանցը։
Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը չի կարողանում մոսկովյան և բրյուսելյան հարթակներից կորզել իր համար նպաստավոր դիվիդենտներ։
Անդրադառնալով Փաշինյանի` նոր էսկալացիայի հավանականության մասին ասածին և պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչու են լռում ԵՄ դիտորդները` Սուրենյանցն ասաց, որ մեզ խաբել է ոչ թե Արևմուտքը, այլ մեր իշխանությունը։
«Ընդամենը թուղթ ու գրիչով զինված ԵՄ անզեն առաքելությունն ունի սահմանափակ դերակատարություն։ ԵՄ դիտորդներն անվտանգության բարձիկ են, այլ ոչ թե անվտանգության երաշխավոր, ինչի մասին ՀՀ իշխանությանն ասվել էր ի սկզբանե։ Այլ խնդիր է, որ դիտորդական առաքելության Հայաստան գալը ներկայացվեց որպես դիվանագիտական մեծ ձեռքբերում, և այդ համատեքստում բարձրացվեց հակառուսական հիստերիա»,– նշեց մեր զրուցակիցը։
Նա նկատեց, որ Փաշինյանի անհաջող հայտարարությունն է այս խնդիրը տեղափոխել աշխարհաքաղաքական շահերի բախման հարթություն, երբ նա ասաց, որ դիտորդները եկել են ցրելու Բաքվի մտահոգությունը, թե իբր հայկական և ռուսական զինված ուժերը մտադիր են հարձակվել Ադրբեջանի վրա։
Դիտորդները քաղաքական գնահատական տվող չեն, այլ ընդամենը փաստեր արձանագրող, որոնց մասին կզեկուցեն Բրյուսելին, որտեղ էլ կսահմանափակվեն հերթական բարոյաքաղաքական հայտարարությամբ` առանց որևէ պատժամիջոցի։
Քաղաքագետը հիշեցրեց, որ Հայաստանի գործող իշխանությունը սովորաբար իր ձախողումները վերահասցեագրում է այս կամ այն դերակատարին։ Ըստ այդմ` նախորդ ամիսներին մեղավոր էր Ռուսաստանը, բայց հիմա չի բացառվում, որ հնարավոր էսկալացիայի դեպքում մեղավոր կկարգվի նաև Եվրամիությունը։