ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Խոսակցությունները, թե Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, սին են ամբողջությամբ, որովհետև ՀԱՊԿ-ը դեռ պետք է գա Հայաստան, որ հասկանանք։ Այս մասին լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
ՔՊ–ական պատգամավորը նշեց, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք 2021 թվականի մայիսից 3 խոշոր ներխուժում է եղել Ադրբեջանի կողմից, սակայն ՀԱՊԿ–ը այդ հարցով Հայաստան չի եկել։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ կառույցի հետ կապված դեռ հույսեր ունեն։
«Երբ մենք ասում ենք, թե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, մենք պետք է արձանագրենք, որ նույնիսկ Հայաստան չի հասել ՀԱՊԿ-ը, բացակայում է Հայաստանից։ Մեր հույսը չենք կորցնում, որ այդ անվտանգային համակարգը Հայաստանի հետ կապված որոշակի գործողություններ կարող է ձեռնարկել, և դրան են ուղղված հետագա համագործակցության աշխատանքները», - նշեց ՔՊ-ական պատգամավորը։
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ընդունել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունները: Իսկ մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը համապատասխան կարգով դիմել է ՀԱՊԿ-ին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից հրաժարվելու համար։