ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Լոռու մարզի դատախազությունը «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ ընկերության իրավասու աշխատակիցները տարբեր հաստիքներում ձևակերպված 55 աշխատակիցների անուններով, դուրս են գրել 41 մլն 438 հազար դրամ աշխատավարձ՝ հափշտակելով իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Պարզվել է նաև, որ ընկերության գլխամասային հսկիչ Ա.Մ.-ն 2019-2022 թվականներին պարբերաբար բացակայել է աշխատանքից՝ 3-4 ամիս տևողությամբ, սակայն վճարման տեղեկագրերում և ցուցակներում ներառվել է կեղծ տեղեկություններ՝ Ա.Մ-ի կողմից իբր աշխատանքի հաճախելու մասին: Արդյունքում Ա.Մ.-ին ավել է հաշվարկվել և վճարվել 850 հազար դրամ աշխատավարձ:
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու, օգտագործելու համար, և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` առանձնապես խոշոր չափերի վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարությամբ, Երևանում և մարզերում ուսումնասիրություններ են նախաձեռնվել՝ հանրապետությունում գործող ջրօգտագործողների ընկերություններում պետական շահերի պաշտպանության վիճակը պարզելու նպատակով: