ԼՂ–ում նոր առաքելություն տեղակայելու համար Երևան-Բաքու համաձայնություն է պետք. Զախարովա

Արխիվային լուսանկար
Զախարովան ասել է, որ իրավիճակի կարգավորման հարցում շատ բան է կախված կողմերի քաղաքական կամքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում նոր, միջազգային առաքելություն տեղակայելու համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։ Ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հայաստանի իշխանությունները նախկինում բազմիցս խոսել են անցյալ տարվա դեկտեմբերից ադրբեջանական կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու անհրաժեշտության մասին:
Զախարովան նշել է, որ դեռևս կողմերը նման համաձայնություն չեն տվել։ Եվ դիրքորոշումների միասնություն եղել է միայն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցում։
Նա վստահեցրել է, որ ռուս խաղաղապահները հետևողական ջանքեր են գործադրում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման, ինչպես նաև էսկալացիաների կանխարգելման ուղղությամբ: Շատ բան, իհարկե, կախված է կողմերի քաղաքական կամքից և իրական տրամադրվածությունից՝ շարունակվող հակասությունները կարգավորելու և հանգուցալուծումներ գտնելու համար։