ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել Հայկական ԱԷԿ-ի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու գործընթաց սկսելու մասին:
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թվականին, սակայն արդիականացման և վերազինման լայնածավալ աշխատանքների շնորհիվ այն երկարացվել է մինչև 2026 թվականը:
Նշվում է, որ աշխատանքները ֆինանսավորվել են 189 մլն դոլար արժողությամբ ռուսական վարկային և դրամաշնորհային միջոցների և 162,8 մլն դոլարին համարժեք 63,2 մլրդ դրամ ծավալով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հաշվի առնելով արդեն կատարված արդիականացման աշխատանքները, ինչպես նաև պրոֆիլային կազմակերպությունների կարծիքները և նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարաձգման միջազգային փորձը, նախատեսվում է լրացուցիչ ներդրումների և աշխատանքների հաշվին հնարավորություններ ստեղծել Հայկական ԱԷԿ- ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու համար՝ 2026-2036 թթ.:
Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է մշակել համապատասխան ծրագիր, գնահատել էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման տեխնիկական հնարավորությունները, անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները և վերջնական սպառողի համար սակագնի վրա հնարավոր ներդրումների ազդեցությունը:
Նշենք, որ ԱԷԿ-ի ծառայության ժամկետը 10 տարով երկարացնելու արժեքը, նախնական գնահատականներով, 130-170 մլն դոլար կարժենա: