Իրավիճակը փակուղային է, իսկ մարտական գործողությունները` հավանական. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը
Տիգրան Աբրահամյանը. Արխիվային լուսանկար
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով` հակառակորդը կարող է կարճ ժամանակում զորքերի տեղաշարժ անել ու միանգամից իրավիճակը թեժացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայ-ադրբեջանական բանակցություններում իրավիճակը նման է փակուղայինի, ինչը մեծացնում է հնարավոր մարտական գործողությունների հավանականությունը։ ԱԺ–ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով առաջնագծի իրավիճակին։
«Այս պահին առաջնագծում մարտական գործողությունների վերսկսման հավանականությունն առաջին հերթին կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով։ Մասնավորապես, Հայաստանի իշխանության կողմից հայտարարվել է, որ Ադրբեջանը հետ է կանգնել վերջին շրջանում ձեռք բերված պայմանավորվածություններից, առաջադրել է այնպիսի պայմաններ, որոնց դեպքում այլևս բանակցելու հնարավորություն չկա»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով` 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի, Արցախի ուղղությամբ տեղի ունեցած հարձակումները ցույց են տվել, որ հակառակորդի կողմից հնարավոր է կարճ ժամանակում զորքերի տեղաշարժ անել ու միանգամից իրավիճակը թեժացնել։
Հետևաբար, պետք է խորը ուսումնասիրություն անել՝ հասկանալու սահմանին, շփման գծում տեղաշարժերի, կուտակումների վտանգավորությունը և ինչ նպատակներ են դրանք հետապնդում։
Սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի աշխատանքները փակուղում չեն. Մինասյան