ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սարդար Մոհամմադ Պակպուրն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանակից շրջաններում իրանական ստորաբաժանումների տեղակայման վայրեր: Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ գեներալը շփվել է զինծառայողների հետ, գնահատել նրանց մարտական պատրաստության մակարդակը, զգոնությունն ու բարոյահոգեբանական վիճակը:
Պակպուրը ներկա է եղել նաև ցերեկային և գիշերային ժամերին անցկացված մարտավարական պարապմունքներին։
«Անվտանգության հարցը կապ չունի ցրտի, շոգի, տոների ու աշխատանքային օրերի հետ։ Մենք պետք է հնարավորինս զգոն և պատրաստված լինենք։ Միշտ ուշադիր եղեք այս հարցում»,- ասել է հրամանատարը՝ դիմելով զորքին։
Հիշեցնենք` իրանցի զինվորականներն ու քաղաքական գործիչները բազմիցս հայտարարել են, որ կտրականապես դեմ են տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության:
Այս հայտարարությունները հնչել են ի պատասխան ադրբեջանական կողմի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունների։
Դեռևս հունվարին ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, հարցազրույցներից մեկում անդրադառնալով նախորդ տարվա սեպտեմբերյան Ադրբեջանի ագրեսիային, հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստվում էր Հայաստանի դեմ ավելի մասշտաբային ագրեսիայի, բայց Իրանի գործողությունների ու հայտարարությունների շնորհիվ հաջողվել խուսափել Ադրբեջանի հարձակման հետագա ծավալումից: