ՀՀ–ն դիմել է «Ռոսատոմին» քիմիական ձեռնարկությունները ստուգելու համար

«Ռոսատոմի» տարբերանշանը
«Ռոսատոմի» ներկայացուցիչները փետրվարին այցելել էին Երևանի «Նաիրիտ» գործարան, քննարկել վտանգավոր քիմիական թափոնների վերացման խնդիրը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայաստանը դիմել է «Ռոսատոմին» ՝ խնդրելով ստուգել ՀՀ տարածքում գտնվող քիմիական ձեռնարկությունները դրանց հնարավոր քանդման համար։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոն։
«Ռոսատոմն» այժմ զբաղվում է Իրկուտսկի մարզի Ուսոլյե-Սիբիրսկոյեի նախկին քիմիական կոմբինատի ապամոնտաժմամբ:
«Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալը Հայկական ԱԷԿ է այցելել
Ավելի վաղ Վիկտորյա Աբրամչենկոն ասել էր, որ այդ կոմբինատի տարածքում իրականացվող աշխատանքը եզակի է համաշխարհային պրակտիկայի համար, և այդ փորձը Ռուսաստանին թույլ կտա վտանգավոր թափոնների վերացման ծառայություններ մատուցել արտերկրում։
«Ռոսատոմը» արդյունաբերական ձեռնարկություններում վտանգավոր թափոնների վերացման բացառիկ որակավորում ունի։
Հիշեցնենք փետրվարին Երևան էր այցելել ռուսական կորպորացիայի պատվիրակությունը` փոխտնօրեն Նիկոլայ Սպասսկու գլխավորությամբ։ Նրանք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպմանը քննարկել էին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հարցը: Ռուսական պատվիրակությունն այցելել էր նաև «Նաիրիտ» գործարան` տեղում ծանոթանալու իրավիճակին։
Հայաստանի տարածքում խորհրդային տարիներին կառուցվել են երկու քիմիական գործարաններ` «Նաիրիտը» և Վանաձորի քիմիական կոմբինատը։