Հայաստանը ֆոնդային շուկայի զարգացման գործում մտադիր է կիրառել Լեհաստանի փորձը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանին և Դիտորդ խորհրդի անդամներ Զդիսլավ Սոկալին, Փոմաս Սթիսին, Մայքլ Վոլտերին և Մաթեուշ Զաիստովսկուն
Վահագն Խաչատուրյանը իր հյուրերի հետ քննարկել է հայաստանյան կապիտալի շուկայի կայացման գործընթացում հայ-լեհական համագործակցության ընդլայնումն ու խորացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայաստանի ֆոնդային բորսան կարևոր դեր և նշանակություն ունի Հայաստանի կապիտալի շուկայի կայացման գործում։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այս հայտարարությունն է արել Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի և Դիտորդ խորհրդի անդամներ Զդիսլավ Սոկալի, Փոմաս Սթիսի, Մայքլ Վոլտերի և Մաթեուշ Զաիստովսկիի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է այդ գործընթացում լեհական փորձի կիրառման կարևորությունը:
Քննարկվել են հայաստանյան կապիտալի շուկայի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանները, ինչպես նաև առկա խոչընդոտներն ու դրանց հաղթահարման ուղիները:
Երկուստեք անդրադարձ է կատարվել հայաստանյան կապիտալի շուկայի կայացման գործընթացում հայ-լեհական համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը:
Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումներն ու քննարկումները:
Հիշեցնենք, որ 2022 թ.–ի մայիսի 24-ի նիստում ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր համաձայնությունն է տվել Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի ձեռքբերմանը։
Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) ձեռք է բերել Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) բաժնետոմսերի 65,03 տոկոսը (967 հատ բաժնետոմս)։ ՀՀ կենտրոնական բանկը պահպանել է 25,02 տոկոս մասնակցություն, մնացած 9,95 տոկոսը ՀՖԲ սեփական բաժնետոմսերն են։ Գործարքի արժեքը կազմել է շուրջ 873 մլն դրամ։