ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայ-ադրբեջանական ներկայիս բանակցություններում միջնորդ չկա, գործընթացը երկկողմ է։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը` անդրադառնալով բանականությունների ընթացքին։
«Ներկայացվում է առաջարկներ, մյուս կողմն արձագանքում է։ Սակայն մեր յուրաքանչյուր առաջարկ, որը ներկայացնում ենք Ադրբեջանին, կոմունիկացնում ենք այդ առաջարկները մեր միջազգային գործընկերների հետ։ Եվ բացում ենք, թե ինչու ենք այս կամ այն առաջարկն անում, քանի որ գործ ունենք բանակցություններում ապակառուցողական կողմի հետ»,–ասաց Ջուլհակյանը։
Հարցին` արդյոք փակուղի չի՞ առաջացել հայ-ադրբեջանական բանակցություններում, որ ՀՀ-ի բոլոր առաջարկներն Ադրբեջանը ջնջում և հետ է ուղարկում, զուգահեռ սահմանին զոհ ենք ունենում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ թեպետ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը, սակայն սխալ է գործընթացը փակուղի որակելը։
«Եթե մենք շարժվենք այն ճանապարհով, որ մի առաջարկը մերժվեց սա փակուղի է, և վերջ, մենք երբեք առաջ չենք շարժվի, ու խաղաղության գործընթաց կձախողենք։
Այո, կլինեն և կան դժվարություններ, բայց մենք պետք է օրնիբուն աշխատենք անկախ նրանից այս կամ այն առաջարկը կհամաձայնեցնենք, թե ոչ»,–ասաց ՔՊ–ական պատգամավորը։
Այս հարցերում իշխանությունը ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը։ Այն է` մեծացնելով միջազգային ճնշումը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, դիվանագիտական խողովակների միջոցով առաջ շարժվել բանակցություններում և կառուցողական հուն բերել ադրբեջանական կողմին։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։