Չինաստանը կողմ է լինելու այն քաղաքականությանը, որ Ռուսաստանը վարում է Հայաստանի նկատմամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ֆակուլտետի, միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս, դոցենտ Նուբար Չալըմյանը` պատասխանելով հարցին, թե Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ինչպես կանդրադառնա մեր տարածաշրջանի վրա։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մարտի 20-ին պետական այցով մեկնել էր Ռուսաստան: Սա նրա առաջին արտասահմանյան այցն էր երրորդ ժամկետով նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։ Մարտի 20-ին ՌԴ ժամանելուն պես նա հայտարարել էր, որ Պեկինն ու Մոսկվան հուսալի գործընկերներ են անհանգիստ աշխարհում։ Չինաստանի ղեկավարի այցը, որը տևեց մինչև մարտի 22-ը, դարձավ համաշխարհային լրատվամիջոցների քննարկման գլխավոր թեման, և մի շարք փորձագետներ կանխատեսեցին, որ այս այցը կարող է աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների հանգեցնել։
«Հայ–չինական հարաբերությունները գնահատելիս չպետք է մոռանալ, որ Չինաստանը, հանդես գալով Արևմուտքի երկրների հակառուսական քաղաքականության դեմ, կոնկրետ Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնելիս հաշվի կառնի հենց Ռուսաստանի կարծիքը»,– ասաց Չալըմյանը։
Նրա խոսքով` Չինաստանի համար Հայաստանը շատ փոքրիկ շուկա է, ու թեև հարաբերությունները բնականոն կերպով զարգանում են, այդուհանդերձ Չինաստանի ներկայությունը մեր երկրում պայմանավորված է այն խնդրով, որ ինչպիսի ուժեր էլ գան իշխանության, պետք է չվարեն թայվանամետ քաղաքականություն»,– ասաց Չալըմյանը։
«Թեև Չինաստանն Ադրբեջանի հետ ունի ավելի ընդգրկուն հարաբերություններ, նրանց շահերն ավելի ծանրակշիռ են, և ունեն բազմաթիվ համաձայնագրեր, այդուհանդերձ չինացիները շատ լավ գիտակցում են, որ Հայաստանի չորս հարևաններից երեքը ներկայացնում են մահմեդական աշխարհը, ուստի թույլ չեն տա, որ մեր երկիրը ոտքի տա գնա հատկապես թուրք–ադրբեջանական ասպատակությունների հետևանքով»,– ընդգծեց միջագայնագետը։
Մեր զրուցակցի կարծիքով` Չինաստանն իր ազգային շահից ելնելով` ամեն կերպ կհակազդի Մեծ Թուրանի ստեղծմանն ու առաջխաղացմանն ընդհուպ մինչև չինական պարսպի մատույցները, որպեսզի այնտեղ չբորբոքվեն հակաչինական կրքեր այդ երկրում ապրող մահմեդական տարրերի, մասնավորապես ույղուրների ներգրավմամբ։ Եվ եթե Չինաստանը հանդես է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին, ապա այդ համատեքստում բացառում է անջատողական դրսևորումները, որոնք կարող են ի հայտ գալ նաև Չինաստանի ներսում։
Ըստ նրա` Հայաստանը պետք է շատ աշխույժ դիվանագիտություն վարի Չինաստանի հետ, և նույնիսկ չերևացող դիվանագիտության մեջ կարևոր նշանակություն պետք է ունենա չինական կողմին հղված այն ուղերձը, որ իրենք մի փոքր խմբագրեն արտաքին քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Անհրաժեշտ է նրանց հասկացնել, որ եթե Չինաստանը ձգտում է Թայվանի հետ միավորվել մեկ պետության մեջ, ապա Արցախն իր հերթին պատմականորեն Հայաստանի անբաժան մասն է և այնտեղ ապրող մեր հայրենակիցները նույնպես ցանկանում են միավորվել մայր հայրենիքի հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 6-ին։ Երկու երկրների միջև կնքվել են ավելի քան 40 հիմնարար համաձայնագրեր, որոնք խթանում են երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում։