ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Երասխում ժամկետային զինծառայող Արշակ Սարգսյանը մահացու վիրավորումը ստացել է գլխի հատվածում՝ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 22-ին՝ ժամը 16.20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:
«Կատարվել են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ, նախաքննությունը շարունակվում է»,- հայտնեցին ՔԿ-ից։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերի հատկանիշներով (սպանությունը՝ կապված անձի պետական, մասնագիտական, ծառայողական պարտքի կատարման հետ՝ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով)։