Անձնական կապերը չեն խանգարի. նախարարը` ՄԻ պաշտպանի թեկնածության մասին

Գրիգոր Մինասյան. Արխիվային լուսանկար
Գրիգոր Մինասյանը հիշեցրեց, որ ՄԻ պաշտպանի ՔՊ–ական թեկնածուն մի քանի ամիս է, ինչ զբաղեցնում է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների թեկնածուի առաջադրումը երկար տևեց, քանի որ դա մեկ մարդու կողմից չի կատարվում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` անդրադառնալով գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը որպես մարդու իրավունքների պաշտպան ՔՊ–ի կողմից առաջադրելուն։
«Թեկնածուի ընտրության հարցը ժողովրդավարական գործընթացով է անցնում, քննարկվում է, և եթե կան անհամաձայնություններ, թեկնածությունը հետ է կանչվում։ Օրենքով սահմանված են ժամկետներ, որոնք չեն խախտվել, իսկ փնտրտուքները փաստում են, թե ինչքան են պրոցեսներն առողջ»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` Անահիտ Մանասյանը բարձր մասնագիտական գիտելիքներ ունի։ Մինասյանը նշեց` շատ լավ թեկնածու են առաջադրել։
Հարցին, թե ինչպե՞ս է այժմ դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Մանասյանը ՄԻՊ դառնալուց հետո պաշտպանելու մեկի իրավունքները, որը, օրինակ, կասի, թե ՀՀ գլխավոր դատախազի կողմից են խախտվել իր իրավունքները, անձնական կապերը չե՞ն խանգարի` նախարարը պատասխանեց, թե այդ կապերն այս դեպքում չեն խանգարի.
«Նախ` Մանասյանը մի քանի ամիս է, ինչ աշխատում է որպես դատախազի տեղակալ և համակարգել է միջազգային համագործակցության բլոկը։ Եվ հետո, եթե մարդը նորմալ աշխատում է և պրոֆեսիոնալ է, երբեք իր լիազորությունների շրջանակից դուրս չի գա»։
ՀՀ ՊՆ նախկին շենքի բնակիչներին թույլ են տվել ժամանակավոր վրաններ տեղադրել. ՄԻՊ
Հիշեցնենք, որ մարտի 21-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ խմբակցությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։