Ամեն ինչ դրանից սկսվեց․ Արա Խզմալյանը թոշակառուներ է անվանել «Գոյ» թատրոնի անձնակազմին

«Գոյ» կենտրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Արթուր Սահակյանը . Արխիվային լուսանկար
«Գոյ» կենտրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի խոսքով՝ ինքը խիստ է պատասխանել ԿԳՄՍ փոխնախարարին, որից հետո էլ լարվածություն է առաջացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» կենտրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Արթուր Սահակյանը վիրավորված է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանից, քանի որ վերջինս հաղորդումներից մեկի ժամանակ իրենց թոշակառուներ է անվանել։
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության նախագծով «Գոյ» թատրոնը լուծարման եզրին է, և այսօր թատրոնի անձնակազմն ու նրանց աջակիցները մամուլի ասուլիս են հրավիրել։

«Դեռ քովիդի ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը հաղորդումներից մեկի ժամանակ հայտարարեց, որ մենք թոշակառուներ ենք, ինչ է թե մենք ֆեյսբուքում նյութեր չէինք հրապարակում։ Մենք իհարկե ինչ-որ բաներ հրապարակում էինք, բայց երևի մեզնից այլ բան էր պահանջվում»,-ասաց Սահակյանը։

Նրա խոսքով՝ համավարակի պատճառով սահմանափակումներ մտցնելուց առաջ փլուզվել էր Սունդուկյան թատրոնի մի քանի աստիճան ու փակվել Գոյ թատրոնի մուտքը։ Սահմանափակումների պատճառով ներկայացումների պրեմիերաները նաև հետաձգվել են։
«Երբ հնչեց, որ մենք թոշակառուներ ենք, ես շատ զայրացա, քանի որ ասողի քաշն էլ ինձ համար շատ հարաբերական էր և առավել ևս արտահայտվելու ձևը։ Ես պատասխանեցի խիստ ու ամեն բան սկսվեց»,-ասաց Սահակյանը։
Անդրադառնալով թատրոնի հետագա ճակատագրին` Սահակյանը նշեց, որ մինչ օրս իրենք չունեն ո՛չ լուծարման, ո՛չ Սունդուկյանի հետ միացման որոշում։
ԿԳՄՍՆ–ն փորձում է լուծարել «Գոյ» թատրոնը. աշխատակիցները խոստանում են պայքարել մինչև վերջ