ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92 300 000 եվրո արժողությամբ:
Վարկային համաձայնագիրն այսօր արժանացել է ՀՀ կառավարույթյան հավանությանը և առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։
Գործադրի ներկայացրած հիմավորման համաձայն` բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են 2023 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը:
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը մի քանի նախապայման է առաջադրել։ Դրանք են.
1. Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում,
2. Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում,
3. Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։
Վարկի վերադարձման պայմանների, տոկոսադրույքի մասին տեղեկությունները կառավարության կայքում հրապարակված նախագծում չեն նշվում։