ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Մարտի 24-ին կմեկնարկի «Ազգային թատերական դպրոց» միջազգային նախագիծը, որը կյանքի է կոչվում ՀՀ ԿԳՄՍՆ–ի աջակցությամբ, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ, տեղեկանում ենք ԿԳՄՍՆ–ի կայքից։
Նշվում է, որ մշակույթի և արվեստի ավելի քան 30 երիտասարդ մասնագետներ կմասնակցեն «Կառավարման հիմունքները ժամանակակից ազգային թատրոնում» թեմայով եռօրյա (մարտի 24-26-ը) կրթական ծրագրին:
«Ծրագիրը մեկնարկում է այս օրերին Երևանում և կշարունակվի աշնանը. սեպտեմբերին Սունդուկյանի անվան ազգային թատրոնը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի «Ալեքսանդրինսկի» XIV միջազգային փառատոնին։ Նոյեմբերին Երևանում կանցկացվեն «Ալեքսանդրինյան թատրոնի օրեր», որոնց ընթացքում Հայաստանի գլխավոր թատերական բեմում կներկայացվեն ռուս դասականների երկերի հիման վրա բեմադրված ներկայացումներ»,– ասել է Ալեքսանդրինյան թատրոնի տնօրեն, «Ազգային թատերական դպրոց» կրթական նախագծի ղեկավար Սերգեյ Եմելյանովը։
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ նշել է, որ առանձնակի ուշադրություն են դարձնում կրթական ծրագրերի իրականացմանը՝ հավատալով, որ նոր սերնդի կրթությունն ապագա հաջողությունների գրավականն է։ Այս ծրագիրը, ըստ նրա, ազդարարում է Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի և Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բազմաշերտ համագործակցության սկիզբը։
Ծրագրի մասնակիցները բաց երկխոսություններ կունենան Ալեքսանդրինյան թատրոնի տնօրեն Սերգեյ Եմելյանովի, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Չեպուրովի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոռեկտոր Անաստասիա Յարմոշի հետ։