ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր ավելի քանի 74 մլն կողմնակիցներից կոչ է արել ստորագրահավաք սկսել իր հնարավոր ձերբակալության դեմ։ Տեղեկությունը հայտնում է Business Insider–ը։
ԱՄՆ նախկին նախագահն ավելի վաղ ենթադրել էր, որ իրեն քրեական մեղադրանք կառաջադրեն և կձերբակալեն, և նա իր կողմնակիցներին կոչ էր արել «հետ նվաճել մեր երկիրը»:
Մարտի 20-ին Թրամփի թիմը էլեկտրոնային նամակներ է ուղարկել նախկին նախագահի կողմնակիցներին՝ խնդրելով մասնակցել ստորագրահավաքին: Լրատվամիջոցը նշում է, որ ստորագրահավաքի կայք մուտք գործելիս էջ է բացվում, որտեղ խնդրում են նվիրատվություններ կատարել:
«Նա նաև նվիրատվություններ է խնդրել իր քարոզարշավի համար՝ 24 դոլարից մինչև 3,3 հազար դոլար ենթադրյալ գումարով»,-ասված է հրապարակման մեջ:
Թրամփը չի հստակեցրել, թե ինչպես է պատրաստվում հետագայում օգտագործել իր կողմնակիցների ցուցակը։ Ստորագրահավաքի կայքը հավաքված ստորագրությունների քանակը նույնպես չի ցուցադրում:
Հիշեցնենք, որ հնարավոր մեղադրանքները կապված են պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի հետ կապված պատմության հետաքննության հետ, որին իբր խոշոր գումար է վճարվել Թրամփի հետ ենթադրյալ սիրավեպի մասին լռելու համար: Ինքը՝ նախկին նախագահը, հերքում է ինչպես Դենիելսի հետ կապը, այնպես էլ իր կողմից ցանկացած հակաիրավական գործողություն։ Նա հրաժարվել է ցուցմունք տալ երդվյալ ատենակալներին, որոնք պետք է որոշեն՝ նրան մեղադրանք առաջադրեն, թե ոչ։