ՔՊ–ն չի մասնակցի ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու քվեարկությանը

Սեդա Սաֆարյան. Արխիվային լուսանկար
Նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցությունն է, իսկ այն ներկայացնելու համար հիմք է հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի համատեղ դիմումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի քվեարկությանը։ Նախագիծը ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը` փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի համատեղ դիմումի հիման վրա։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ իրենք չեն մասնակցի քվերակությանը, քանի որ ներկայացված մեղադրանքները լեգիտիմ չեն համարում։
Համաձայն ընդդիմության ներկայացրած նախագծի` Բաբայանի և Հակոբյանի ներկայացրած փաստերի վերլուծությունից ենթադրվում է, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը խախտել է այդ պաշտոնում ընտրված անձի համար սահմանված անհամատեղելիության պահանջները։ Այս պայմաններում ԱԺ–ն լիազորված է դիմել ՍԴ` անհամատեղելիության պահանջը խախտած դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմումով։
Նշվում է, որ ՍԴ դատավորի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ փաստերն ու դրան առնչվող իրավական կարգավորումները մանրամասն ներկայացված են փաստաբանների դիմումում։
Դիմումում ասված է, որ Սեդա Սաֆարյանը «Սեդա Սաֆարյան Սերյոժայի» անվանումով որպես անհատ ձեռնարկատեր գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 1994 թվականի օգոստոսի 11-ին։
2022 թվականի սեպտեմբերի 15-ին նա ԱԺ որոշմամբ ընտրվել է ՍԴ դատավոր, պաշտոնը ստանձնել է դեկտեմբերի 10-ին։
Պետական ռեգիստրում առկա տեղեկության համաձայն՝ 2023 թվականի հունվարի 27-ին տվյալ ԱՁ–ն հանվել է հաշվառումից, ընդ որում իրավաբանական անձանց պետական ռեգիստրում «Սեդա Սաֆարյան Սերյոժայի» ԱՁ գործունեության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ որևէ այլ գրառում առկա չէ։ Այսինքն, պետռեգիստրի գրանցամատյանում առկա տեղեկության համաձայն Սեդա Սաֆարյանն առանց ընդհատումների որպես անհատ ձեռնարկատեր գործել է 1994 թվականի օգոստոսի 11-ից մինչև 2023 թվականի հունվարի 27-ը։