ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Փաստաբանների պալատի փաստաբան, Երևանի բնակիչ 37–ամյա Լ. Գևորգյանը Հրազդանի կիրճից բերման է ենթարկվել ոստիկանության բաժին` կաշառք տալու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Հրազդանի կիրճից կաշառքի կասկածանքով քաղաքացի է բերվել ոստիկանություն։
«Այսօր, ժամը 13։25 պարեկային ծառայողները Հրազդանի կիրճում ստուգման նպատակով կանգնեցրել են Toyota մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Դրա համար ուղևորը 40.000 դրամ է առաջարկել պարեկային ծառայողներին։ Ուղևորը կաշառք տալու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է և բերվել ոստիկանության Դավթաշենի բաժանմունք»,– նշեցին ոստիկանությունից։
Կազմված փաստաթղթերի հետ նա ներկայացվել է նախաքննական մարմին։