ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. «Ոչ թե առևանգել էին, այլ մոլորվել էի». 24news–ի հետ զրույցում ասել է պայմանագրային զինծառայող Մարտիրոս Գյուլամբարյանը, որն անհետացել էր մարտի 21-ին Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից ոչ հեռու գտնվող տարածքում։ Նշենք, որ երեկ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե նրան ադրբեջանցիներն առևանգել են։ Լրատվամիջոցի հետ զրույցում Գյուլամբարյանը ներկայացրել է իր մոլորվելու մանրամասները։
Նրա խոսքով` խիստ մառախուղի պատճառով իր վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել էր ադրբեջանական դիրքերի մոտ։
«Տեսա որ 4 հոգի մոտենում են մեքենային, ֆռացի, դուրս եկա մյուս դռնով։ Մի դուռը բացել են, ես մյուս դռնով իջել-անցել եմ նրանց թիկունք»,– պատմել է պայմանագրային զինծառայողը։
Նրա խոսքով` ամբողջ գիշեր լուսարձակներով և ԱԹՍ–ով փնտրել են իրեն, սակայն հաջողվել է թաքնվել։ Չնկատվելու համար պառկել է գետնին և ձնով ծածկվել։ Իրեն ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքներից դուրս գալ հաջողվել է, բայց բեռնատարը նրանց մոտ է մնացել, հրաժարվում են վերադարձնել։ Մարտիրոս Գյուլամբարյանի տեղեկություններով` ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում։
Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի Վերիշենի հատվածում պայմանագրային զինծառայող Մարտին Գյուլամբարյանը եղանակային վատ պայմաններում մոլորվել էր և հայտնվել ադրբեջանցիների կողմից օկուպացված տարածքներում։
Վերիշեն գյուղի վարչական ղեկավար Արտակ Զադայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Մարտին Գյուլամբարյանը բանակին սնունդ տեղափոխող մեքենայով է անհետացել։
Լուր էր տարածվել նաև, որ ադրբեջանցիներն են առևանգել զինծառայողին։