ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ միջուկային հակամարտության հավանականությունն ավելի բարձր է, քան վերջին տասնամյակներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Չէի ցանկանա խորանալ այն քննարկումների մեջ, թե արդյոք միջուկային հակամարտության հավանականությունը մեծ է այսօր, սակայն այն ամեն դեպքում ավելի մեծ է, այսպես ասենք, քան եղել է վերջին տասնամյակների ընթացքում», – հայտարարել է Ռյաբկովը։
Նա նշել է, որ Մոսկվան շարունակում է հավատարիմ մնալ այն դիրքորոշմանը, որ աշխարհը պետք է ազատ լինի միջուկային սպառնալիքից։
Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, մեկնաբանելով Ուկրաինային Մեծ Բրիտանիայի կողմից աղքատացած ուրանով ռազմամթերքի հնարավոր մատակարարումները, հայտարարել էր, որ «ևս մեկ քայլ է արվել»։
Մարտի 3-ին ՉԺՀ-ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Չինաստանի կողմից «միջուկային սպառնալիքի» մասին տեսությունն առաջ տանելով պատրվակ է փնտրում սեփական միջուկային զինանոցն ընդլայնելու համար, ինչը Վաշինգտոնին դարձնում է աշխարհում «միջուկային սպառնալիքի» գլխավոր աղբյուրը։