ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՅԴ–ի աշխարհասփյուռ կառույցները շարունակում են իրենց ձայնը բարձրացնել աշխարհի տարբեր անկյուններում` ի աջակցություն Արցախի և արցախահայության: ՀՅԴ–ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Արցախի 100-օրյա շրջափակման կապակցությամբ ՀՅԴ Շվեդիայի Երիտասարդական միությունը երեկ բողոքի ակցիա է իրականացրել Ստոկհոլմում:
«Այսօր 100 օրն է, ինչ Արցախի 120 հազար հայեր արգելափակվել են Ադրբեջանի կողմից: Դադարեցրե՛ք Արցախի էթնիկ զտումը: Բացե՛ք Լաչինի միջանցքը», – պահանջել են ցուցարարները:
Միաժամանակ Ֆրանսիայի ՀՅԴ «Նոր սերունդ» կազմակերպության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց` դատապարտելով Ադրբեջանի քաղաքականությունը, որի բռնապետական ռեժիմը շրջափակման մեջ է պահում 120 000 հայերին: Նրանք եռագույն ծխագլաններ են արձակել։
Բացի այդ, ՀՅԴ Զավարյան ուսանողական միության և ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության անդամները Լիբանանում այցելել են տեղի այլ 6 երկրների դեսպանատներ` ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Նիդերլանդների և Շվեյցարիայի, ինչպես նաև Լիբանանում ԵՄ և ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարի հատուկ ներկայացուցիչի գրասենյակներ։ ՀՅԴ–ականները նամակ են հանձնել վերոհիշյալ կառույցների ներկայացուցիչներին։
Հավելենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն այսօր բողոքի ակցիա է կազմակերպում ՀՀ կառավարության շենքի դիմաց: Ակցիան կրկին վերաբերում է Արցախի շրջափակմանը:
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։