ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանի և տարածաշրջանի երկրների ՆԱՏՕ–ական ճանապարհն անցնում է Թուրքիայով, սա պետք է հիշեն բոլոր նրանք, ովքեր այդ կառույցի հետ կապված հեռահար նպատակներ ունեն։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման շրջանակում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը` մեկնաբանելով վերջին շրջանում ակտիվացած խոսակցություններն այն մասին, որ ՀԱՊԿ–ի այլընտրանք կարող է լինել ՆԱՏՕ–ն։
Քաղաքագետը օրինակ բերեց Ֆինլանդիայի, Շվեդիայի` ՆԱՏՕ–ին միանալու փորձերը. այդ երկրների անդամակցությունը ձգձգվում է, քանի որ Թուրքիան չի վավերացնում կառույցին միանալու հայտերը։
«Թուրքիան այս իմաստով ունի հստակ ռազմավարություն և այն երկրներից չէ, որ իր ազգային-պետական շահերը կզոհաբերի հանուն ինչ–որ խաղաղության դարաշրջանի։ Թուրքիայի համար ոչ թե կա խաղաղության դարաշրջան, այլ կա ազգային նպատակների իրականացման դարաշրջան»,–ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով` Ռեջեփ Թայիփ Էրդողանի ախորժակն այնքան է մեծացել, որ որոշել է գերազանցել Աթաթուրքին, տարածաշրջանը ներկել թուրքական գույնով և վերականգնել Օսմանյան փառքը, որի իրականցման առաջին պայմանը թյուրքական աշխարհի հետ միավորումն է։ Այդ ճանապարհին Հայաստանի Հանրապետությունը թյուրքական աշխարհի կոկորդին սեղմված սեպ է։
Մեծ Թուրանի գաղափարը, քաղաքագետի խոսքով, ձեռնտու է նաև Արևմուտքին, ավելին` երկար տարիներ այդ գաղափարը սնել են արևմտյան երկրները, որպեսզի կանխեն արևելքում Չինաստանի հզորացումը։
«Հիմա երբ Ռուսաստան–Չինաստան–Իրան համագործակցության եռյակ է ձևավորվում, որն ըստ էության ակտիվ փուլի մեջ է, մենք կտեսնենք, որ Արևմուտքի համար է՛լ ավելի է արժևորվելու Թուրքիան»,– նշեց փորձագետը։
Նրա խոսքով` արդեն իսկ նկատելի է, որ Արևմուտքը մեխանիզմներ է կիրառում Չինաստանի աճող ռազմական, տնտեսական, քաղաքական ազդեցությունը զսպելու համար։ Խոսքը Կանադայի վերջին առաջարկի մասին է, որ Կանադա– ԱՄՆ–Ճապոնիա և Հարավային Կորեա քառյակ ձևավորվի ընդդեմ չինական աճող ազդեցության։
Քաղաքագետի կանխատեսմամբ` առաջիկայում նման հարթակներ կձևավորվեն, որոնք ապագայում կկիրառվեն ոչ միայն Չինաստանի, այլև ՌԴ–ի դեմ։
Աշխարհաքաղաքական այս գործընթացների ֆոնին Պողոսյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, թե ինչու է Թուրքիան հենց հիմա որոշել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել։ «Իրականում այս քաղաքականությունը տեղավորվում է նախորդ դարասկզբի թուրքական կոնցեպտի մեջ, որը նախատեսում էր Ալեքսանդրապոլի պայմանագրով 12 հազար քառակուսի կմ դարձած, ոչ կենսունակ և բոլոր տնտեսական թելերով Թուրքիայի հետ կապված Հայաստան»,– ասաց նա։
Այժմ Թուրքիան նպատակ ունի փափուկ ուժի կիրառմամբ ընկալվել որպես չեզոք երկիր Հայաստանի համար և ադրբեջանցի «տեղաբնիկների» վերադարձի ժամանակ իր խաղաղապահներին բերել Հայաստան։ Նպատակը հստակ է` ՀՀ–ում էթնիկ թուրքերի ներկայություն, որպեսզի ապագայում ռազմական ճանապարհով կարողանա միջամտել Հայաստանի ներքին գործերին։
Ըստ Պողոսյանի` Հայաստանի ներկա ճգնաժամը ինչպես ռիսկեր է ստեղծել, այնպես էլ հնարավորություններ։ Մասնավորապես այս ընթացքում նշմարվել են այնպիսի հավանական գործընկերներ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը։ Հետևաբար Հայաստանը նշված երկրների հետ կարող է դաշնակցային հարաբերություններ ձևավորել, որոնք ՀՀ–ի համար անվտանգության բարձիկներ կարող են լինել։
«Հարաբերությունների առնվազն երկու եռանկյունի կարելի է ձևավորել։ Մեկը` Հայաստան–Իրան–Հնդկաստան, մյուսը` Հայաստան–Իրան–Չինաստան, որը ևս կարող է բավական կենսունակ լինել։ Եվ ամենակարևորը` սրանք հակազդեցություն չեն ունենա գլխավոր դաշնակից ՌԴ կողմից և չեն հակասի նրանց արտաքին քաղաքական շահերին»,–ասաց Պողոսյանը։
Հակառակ պարագայում փորձագետը վստահ է` ՀՀ ընտրած տարբերակով գործակցությունը Արևմուտքի հետ, այսինքն՝ ՌԴ թշնամիների հետ, հանգեցնելու է դիմադրության և նոր մարտահրավերների։