ՌԱԴԻՈ

Հայաստանում շահագործվող կարուսելների ու ատրակցիոնների 80-90 տոկոսը կարող է փակվել

ԱԻՆ ՏԵխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է նաև, թե ինչն է եղել 2022–ի նոյեմբերի 24-ին, «Լունապարկում» ատրակցիոններից մեկի պոկվելու պատճառը։
Sputnik
ԱԻՆ-ը մշակել է կարուսելների ու ատրակցիոնների անվտանգ շահագործման նոր կանոնակարգի նախագիծ, որով նախատեսվում է արգելել 15 տարի և ավելի ժամանակ շահագործվող ատրակցիոնները։
Մինչդեռ, պարզվում է` այդպիսիք մեր երկրում 80-90 տոկոս են կազմում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ ՏԵխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանը։
«Խոսքը վերաբերում է բոլոր այն ատրակցիոններին, որոնք համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ։ Հայաստանի ատրակցիոնների գրեթե 80 տոկոսը, եթե ոչ 90-ը տեղադրվել ու շահագործվում են 1990 թ-ից առաջ»,– ասաց Ասլանյանը։
Կառավարությունում, սակայն, դեռ հստակ չեն կողմնորոշվել 15 տարին հաշվել շահագործման օրվանից սկսած, թե արտադրության։ Մարտին Ասլանյանի խոսքով` այս հարցով քննարկումները դեռ ընթացքի մեջ են։
«Մենք ատրակցիոններ ունենք, որոնք արտադրվել են 1986թ-ին, բայց գնվել և բերվել Հայաստանում տեղադրվել են, ենթադրենք, 2003թ-ին։ Մենք այս պահին վերլուծում ենք նաև մեր ռեեստրում գտնվող բոլոր արտադրական վտանգավոր ատրակցիոնները, դրանց արտադրման տարեթվերը, որպեսզի հասկանանք, թե ինչ մոտեցում պետք է կիրառվի»,– ասաց նա։
Գործող օրենքով շահագործման առավելագույն ժամկետ սահմանված չէ։ Կարուսելներն ու ատրակցիոնները կարող են ամեն տարի փորձաքննություն անցնել և, դրական եզրակացություն ստանալու դեպքում, աշխատել ևս մեկ տարի։
Եթե տարեկան փորձաքննության արդյունքում հայտնաբերվում են խախտումներ, և ատրակցիոնը ստանում է փորձաքննության բացասական եզրակացություն, այն զրկվում է շահագործման իրավունքից, մինչև թերությունը վերացնելը։
Ոչ վտանգավոր թերությունների շտկման համար շահագործումը չի դադարեցվում, բայց տրվում է թերությունը վերացնելու ժամկետ` 20-30 օր։ Դրանից հետո իրականացվում է կրկնակի փորձաքննություն, և, եթե թերությունը վերացվել է, ատրակցիոնը ստանում է փորձաքննության դրական եզրակացություն։
2022թ-ի նոյեմբերի 24-ին Երևանի օղակաձև այգու տարածքում գործող «Լունապարկում» ատրակցիոններից մեկի պտտվող նստարանը շահագործման ընթացքում պոկվել էր ու 6 մետրից շպրտվել։ Միջադեպի հետևանքով ՌԴ 29-ամյա մի քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
Փորձագիտական լաբորատորիայի պետից հետաքրքվեցինք, թե ինչն է եղել այս վթարի պատճառը։ Դեպքից հետո կատարված փորձաքննությունը բացահայտել է գործարանային դեֆեկտ, որը չէր հայտնաբերվել նախորդ տեխնիկական փորձաքննությունների ժամանակ։
«Այդ ատրակցիոնն ուներ գործարանային դեֆեկտ, ճաք իր վրա։ Դա այնպիսի դեֆեկտ է, որը տեսանելի չէ, նույնիսկ փորձաքննության արդյունքում հնարավոր է` դա չտեսնել, դա միկրոճաք է, որը նաև խոշորացույցով հնարավոր չէ տեսնել։ Մենք փորձաքննության մեջ գրել ենք, որ այդ միկրոճաքը հավանաբար շարժման ընթացքում թափահարվել է, աստիճանաբար մեծացել ու տեղից պոկվել»,– ասաց Ասլանյանը։
Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ նախկինում «Լունապարկի» կարուսելների փորձաքննություն ՏԵխնիկական անվտանգության ազգային կենտրոնը չի իրականացրել։ Դա կատարվել է Հայաստանում գործող մասնավոր լիցենզավորված փորձագիտական ընկերություններից մեկի կողմից։