Հայաստանի և Իրանի միջև բավականին ինտենսիվ խորհրդակցություններ են ընթանում. Կոստանյան

Վահան Կոստանյան
ԱԳ փոխնախարարը շեշտեց, որ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերիի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-իրանական ամբողջ օրակարգին, այդ թվում`տարածաշրջանային անվտանգության հարցերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանի և Իրանի միջև խորհրդակցությունները բավականին ինտենսիվ են առաջ ընթանում` թե՛ արտաքին գործերի նախարարների, թե՛ նախարարությունների մակարդակով։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նշենք, որ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին Երևանում է երկօրյա այցով։
«Սա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ հայ-իրական օրակարգը վերջին տարիների ընթացքում բավականին ընդլայնվել է, և ԱԳ նախարարությունները կոչված են օգնելու սպասարկել այդ օրակարգը, որը մեծ է: Այն իր մեջ ներառում է թե՛ տնտեսական բազմաթիվ ծրագրեր, որոնք փորձում ենք համատեղ ուժերով կյանքի կոչել, թե՛ փորձում ենք միմյանց ավելի ընկալելի դարձնել դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային անվտանգության հետ կապված: Այս առումով անհրաժեշտ է, որ խորհրդակցությունները չընդհատվեն և պարբերական լինեն»,- նշեց Կոստանյանը:
ԱԳ փոխնախարարն ընդգծեց, որ Բաղերիի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-իրանական ամբողջ օրակարգին, այդ թվում տարածաշրջանային անվտանգության հարցերին:
«Գիտեք, որ հատկապես վերջին օրերի ընթացքում ԱԳՆ-ն նաև իր կողմից տարածված հայտարարությունների և հաղորդագրությունների միջոցով ներկայացնում է այն իրավիճակը, որ ստեղծվել է տարածաշրջանում, և Ադրբեջանի սադրիչ գործողությունների փորձերը, որոնք միտված են է՛լ ավելի ապակայունացնելու իրավիճակը Հարավային Կովկասում, Լաչինի միջանցքի շարունակվող ապօրինի շրջափակումը, և այս ամբողջը հանգամանալից կերպով ներկայացվել է մեր իրանցի գործընկերներին»,-ընդգծեց Կոստանյանը:
Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի
Հիշեցնենք` Բաղերին երեկ թվիթերյան իր էջում հայտնել էր, որ երկօրյա այցով ՀՀ է գալիս հայ գործընկերների հրավերով։
Հավելենք, որ 2022-ի նոյեմբերի վերջին Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերիի գլխավորությամբ կայացել էր Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները։