Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան. հայտնի է նպատակը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան . Արխիվային լուսանկար
Նա Սենատում հիշեցրել է, որ առաջին իսկ օրվանից Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ապրիլին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այդ մասին նա տեղեկացրել է այսօր` Սենատում ելույթի ժամանակ։
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև խոսել է այցելության նպատակի մասին։ Նրա խոսքով` Հայաստանում և Ադրբեջանում քննարկվելու է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցը։
«Առաջին իսկ օրվանից Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը։ Այն սրում է լարվածությունը։ Ես մտադիր եմ ապրիլի վերջին այցելել Բաքու և Երևան, որպեսզի տեղ հասցնեմ այդ միտքը», - հայտարարել է ԱԳ նախարար Կոլոննան։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։