ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Տևական ժամանակ է, ինչ քաղաքացիները սոցցանցերում ահազանգում են, որ Երևան քաղաքի տարբեր հատվածներում անհայտ անձինք փակցնում են QR կոդեր, որոնց հղումը տանում է Telegram հավելվածում գրանցված թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող էջեր։ Մտահոգ քաղաքացիները սոցցանցային հարթակներում ֆլեշմոբեր են անցկացվում՝ կոչ անելով կասկածելի QR կոդերով թռուցիկները պատռել ու աղբը նետել։
Ոստիկանությունից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներում 2022 թվականից մինչ օրս խնդրի վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ, որոնց հիմքով նախապատրաստվել են նյութեր։
Ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ–հետախուզական միջոցառումներ փակցնողներին և նշված էջերի օգտատերերին հայտնաբերելու ուղղությամբ։
«Հունվարի 30–ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները Սարյան փողոցի 18 հասցեի մոտից ապօրինի թմրամիջոց գովազդելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և բաժին են տեղափոխվել Մոլդովայի քաղաքացու, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է տարբեր գրառումներով թմրամիջոցներ վաճառելու 485 ինքնակպչուն թղթե պատկերներ, որոնց կենտրոնական հատվածում առկա են եղել կանեփի տերևի պատկեր` QR կոդով, 2 հատ թափանցիկ և սև պլաստմասե ֆորմաների նմուշներ, որի վրա կտրված են եղել կանեփի նկար, թվով 5 հատ «Աէրոզոլ» տեսակի ներկի մետաղական սրվակներ և 2 հատ մարկեր»,–նշված է պարզաբանման մեջ։
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ քննրական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների երրորդ քննչական բաժին։
Ոստիկանությունից նաև հայտնում են, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից սոցցանցային ամենօրյա մոնիթորինգ է իրականացվում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձանց հայտնաբերելու ուղղությամբ։