ԵՄ առաքելությունը լռում է. պատգամավորն անդրադարձել է հայ զինծառայողի անհետացման դեպքին

Տիգրան Աբրահամյան. Արխիվային լուսանկար
Աբրահամյանի խոսքով` Հայաստանում ռուս զինվորականները միանգամայն հստակ խնդիրներ ունեն արտակարգ իրավիճակների դեպքում, իսկ եվրոպացի դիտորդների գործողությունների ալգորիթմը այնքան էլ հասկանալի չէ ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Հայ պայմանագրային զինծառայողի անհետացման հետ կապված միջադեպը որոշակի հարցեր է առաջացնում, մասնավորապես, կապված Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործառույթների և խնդիրների հետ: Այս մասին Sputnik Արմենիային ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը որոշակի հակադրություն է տեսնում դեպքի վայր մեկնած ռուս զինվորականների գործողությունների և մինչ այժմ լռություն պահպանող եվրոպացի դիտորդների վարքագծի միջև։
«Մենք գիտենք, որ զինվորի անհետացումից մի քանի ժամ անց դեպքի վայր են մեկնել ռուս զինվորականները։ Նրանց մեքենան ընկել է ադրբեջանցիների կրակի տակ, թեև վերջիններս, որքան ինձ հայտնի է, նախապես արդեն գիտեին ռուսների մոտենալու մասին։ Եվ դա նրանց չի խանգարել կրակ բացել», - նշել է պատգամավորը։
Աբրահամյանը նկատում է, որ եթե Սյունիքում ռուս զինվորականների գտնվելը և նրանց գործառութային պարտականությունները հիմնվում են 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանին ուղղված Հայաստանի համապատասխան դիմումի վրա, ապա մինչև վերջ պարզ չէ, թե ինչպես պետք է նման իրավիճակներում գործեն Հայաստանում տեղակայված եվրոպացի դիտորդները:
«Ես շատ կուզենայի իմանալ՝ արդյոք նման միջադեպերը հիմք են եվրոպական կառույցների արագ արձագանքման համար, թե ԵՄ–ն կսահմանափակվի համապատասխան զեկույցով.այս բոլոր հարցերը պարզաբանման կարիք ունեն», - ասաց նա:
Ինչ վերաբերում է բուն միջադեպի հանգամանքներին, ապա պաշտպանական հանձնաժողովի ներկայացուցիչը նշում է, որ այն վայրը, որտեղ պայմանագրային զինծառայողը մոլորվել է, բավականին վտանգավոր է։
Երկու ռուս զինծառայող թեթև վնասվածքներով դիմել են Գորիսի ԲԿ. Սյունիքի մարզպետարան
«Այդ հատվածը` դեպի Սև լիճ գնացող ճանապարհը, դաշտային ճանապարհ է և այնտեղ եղանակային վատ պայմանների դեպքում հնարավորություն կա մոլորվելու։ Մնացած բոլոր դեպքերում այնտեղ հաճախակի մեկնող, այնտեղ ծառայություն իրականացնող անձնակազմի համար մոլորվելու խնդիր չէր լինի»,–նշեց Աբրահամյանը։
Իրավիճակը բարդացնում է նաև այն հանգամանքը, որ այդ հատվածում ադրբեջանական զինուժը միանգամից մի քանի ուղղություններով մխրճվել է հայկական պաշտպանության խորքը, որը թույլ է տալիս հակառակորդին հետևել շփման գծում հայկական զինված ուժերի տեղաշարժերին։ Այստեղ հայկական ստորաբաժանումները բավականին խոցելի են։
Հիշեցնենք՝ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ, 40-ամյա պայմանագրային զինծառայող Մարտին Գյուլամբարյանը մարտի 21-ին մոլորվել էր և հայտնվել ադրբեջանական ԶՈւ-ի վերահսկողության տակ գտնվող Սև լճի շրջանում: Հաջորդ օրը առավոտյան նրան հաջողվել է վերադարձնել։
Տելեգրամյան ալիքները գրել էին, որ ադրբեջանական ստորաբաժանումները գնդակոծել են որոնողափրկարարական գործողությանը մասնակցած ռուս զինվորականների մեքենան։