ԵՄ առաքելությունը կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի խաղաղության գործընթացին. Միրզոյան

ԵՄ առաքելությունը Հայաստանում. Արխիվային լուսանկար
ԱԳ նախարարի գնահատմամբ` սա նաև հնարավորություն է ԵՄ գործընկերներին օբյեկտիվ իրականության վերաբերյալ տեղեկատվություն փոխանցելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանի համար Եվրամիության քաղաքացիական առաքելությունը ևս մեկ կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` մեկնաբանելով ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում։
«Տեղյակ եմ, որ հնչում են մեկնաբանություններ այն մասին, որ հայկական կողմը, թաքնվելով ԵՄ առաքելության թիկունքում, ինչ-որ սադրանքներ է անում։ Նախ` հայկական կողմն ընդհանրապես սադրանքներ չի անում, և ԵՄ առաքելությունը մեզ համար միայն ու միայն գործիք է, որ հավելյալ կերպով պետք է ամրապնդի խաղաղության գործընթացը, կայունությունը տարածաշրջանում»,– շեշտեց Միրզոյանը։
Նրա գնահատմամբ` ԵՄ քաղաքացիական առաքելությունը նաև գործիք է օբյեկտիվ իրականության գնահատում իրականացնելու և Եվրոպական միության գործընկերներին փոխանցելու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։