«Բացե՛ք կյանքի ճանապարհը». ՀՅԴ–ական երիտասարդները բողոքի ակցիա արեցին կառավարության դիմաց

ՀՅԴ–ական երիտասարդները Լաչինը փակելու հարցում «ՀՀ իշխանությունների լռության դեմ» ուղղված ակցիա արեցին` վստահեցնելով, որ պայքարը կանգ չի առնելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՅԴ-ական երիտասարդները ՀՀ կառավարության առջև բողոքի ակցիա արեցին Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 100 օրվա կապակցությամբ։ Նրանք գործադիր մարմնի շենքի մոտ էին եկել պաստառներով, որոնց վրա գրված էր. «Մեղավորի հասցեն նույնն է», «Բացեք կյանքի ճանապարհը», «Հայրենի հողը չի սակարկվում», «ՔՊ-վտանգ», «STOP Նիկոլ»։
Ակցիայի մասնակիցների բերանները փակ էին կարմիր ժապավեններով` ի նշան այն բանի, որ ՀՀ կառավարությունը 100 օր է` լուռ է (ինչպես նշեցին ակցիայի մասնակիցները. խմբ)։
«Արդեն ավելի քան 100 օր է` Արցախը շրջափակման մեջ է ,և 120 000 մեր հայրենակիցներ զրկված են պատշաճ սնունդ ու դեղորայք ստանալու հնարավորությունից։ ՀՀ իշխանությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է մեզ վախեցնել մոտալուտ պատերազմի վտանգով` փորձելով մեզ լռեցնել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։ Այս ամենի նպատակը մեկն է` Արցախը սկուտեղի վրա հանձնել մեր թշնամիներին»,–ասաց ՀՅԴ–ական երիտասարդներից մեկը` հավելելով, որ Արցախը չի եղել և չի էլ լինելու Ադրբեջանի կազմում։
ՀՅԴ–ական մեկ այլ երիտասարդ էլ` Արշակ Մեսրոպյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց նպատակն է հայ երիտասարդներին համախմբել իրենց շուրջը նման ակցիաները շարունակելու համար.«Այս պայքարը կանգ չի առնելու` պետք է հասնենք մեր նպատակակետին»։
1 / 8

Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

2 / 8

Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

3 / 8

Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

4 / 8

Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

5 / 8

Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

6 / 8

Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

7 / 8

Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

8 / 8

Ոստիկանները կառավարության շենքի դիմաց

Ակցիային ներկա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ ի հերթին հայտնեց, որ Արցախի շրջափակման հարցով քայլեր են անում դաշնակիցները, ԵՄ–ն, իսկ ՀՀ-ն գործնական ոչինչ չի անում։
ՀՅԴ–ական երիտասարդներն Արցախի շրջափակման հարցով բողոքի ակցիաներ են արել մի շարք երկրներում
«ՀՀ սահմաններում ռուս զինվորներ են վիրավորվել` փորձելով հետ բերել ՀՀ քաղաքացուն, մյուս կողմից էլ տեսնում ենք ՀՀ իշխանությունների մեղադրանքները բոլորի հասցեին։ Եթե այս ամենի հարցում մեղավորները նախկիններն են, դաշնակիցները, բա իշխանությունն ինչի՞ համար է, պարգևավճար ստանալո՞ւ»,– ասաց նա։
Հավելենք, որ ակցիայի մասնակիցները պաստառներն ու կարմիր ժապավենները թողեցին կառավարության դիմաց` գետնին։
Ակցիայի մասնակիցները պաստառներն ու կարմիր ժապավենները թողեցին կառավարության դիմաց
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։