Աշխարհի ամենահայտնի երգիչը Կանադայից է

Կանադացի երգիչ The Weeknd-ը (Էյբել Թեսֆայե). Արխիվային լուսանկար
The Weeknd-ն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Կանադացի երգիչ The Weeknd-ը (Էյբել Թեսֆայե) ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենահայտնի արտիստ: Տեղեկությունը հաղորդում է տեղեկատուի կայքը:
Նա դարձել է առաջին երաժիշտը, որին լսել են ամսական ավելի քան 100 միլիոն օգտատերեր։ Թեսֆայեն հասել է 111,4 միլիոն ունկնդիրների առավելագույն շեմին:
The Weeknd-ն Գինեսի ռեկորդների գրքում առաջին անգամ գրանցվել է 2016 թվականին։ Այն ժամանակ նրա Starboy ալբոմը Spotify-ում ճանաչվել էր ամենատարածվածը։ Երաժիշտը նաև ռեկորդ է սահմանել Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին տասնյակում գտնվող տղամարդ կատարողների շարքում ամենաերկար մնալու համար։
The Weeknd-ը հեղինակ-կատարող է, պրոդյուսեր և դերասան։ Նա չորս Գրեմմի, քսան Billboard մրցանակների դափնեկիր է, ինչպես նաև Օսկարի հավակնորդ։ 2015 թվականին Թեսֆայեն հավակնում էր «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգի արձանիկին «Earned it» երգի համար, որը հնչել է «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմում։