Արաբ գործընկերները համոզվեցին` այս հակամարտությունը կրոնական երանգ չունի. Միրզոյան

Արարատ Միրզոյանն ու Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը Կահիրեում (7 մարտի)
Սա հնարավորություն էր մեկ սրահում արաբական երկրների ԱԳ նախարարների ներկայությամբ ներկայացնել հայկական կողմի տեսլականը տարածաշրջանում ընթացող զարգացումների վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունները փորձ են անում հավելյալ` կրոնական երանգ հաղորդել հակամարտությանը, հայկական կողմը հնարավորություն ունեցավ արաբ գործընկերներին ներկայացնել որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղի ու նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ, կրոնական որևէ երանգ չունի։ ԱԺ–ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով իր մասնակցությանը մարտի 7-9–ը Եգիպտոսում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) խորհրդի նիստերին:
«Ունեմ օբյեկտիվ տպավորություն, որ նաև մեր արաբ գործընկերները համոզվեցին, որ այս հակամարտությունը, որ ունեցել ենք և ունենք Լեռնային Ղարաբաղի շուրջ, նաև ՀՀ–ի ինքնիշխան տարածքի շուրջ և այլ հարցեր, որևէ կրոնական երանգ չունեն։ Ավելին, այդ նույն օրերին այնտեղ բացվեց Մատենադարանում պահվող իսլամական հին մատյանների ցուցահանդես, և նրանք իրենց աչքերով կարողացան տեսնել, որ Հայաստանը մեծ հարգանք ունի բոլոր կրոնների ու մշակույթների նկատմամբ»,– նշեց Միրզոյանը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով` Եգիպտոս կատարած իր այցը հնարավորություն էր մեկ սրահում արաբական երկրների ԱԳ նախարարների ներկայությամբ ներկայացնել հայկական կողմի տեսլականը տարածաշրջանում ընթացող զարգացումների վերաբերյալ։