ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դիակի դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեն, քրեական վարույթը նախաձեռնվել է քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (Սպանությունը, որը կատարվել է անօգնական վիճակում գտնվող անչափահաս նկատմամբ):
Հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի աջակողմյան ձորակում, ճանապարհի եզրից 25.3 մետր հեռավորության վրա սոճենու ծառի տակ հայտնաբերվել է իգական սեռի նորածնի դիակ: Դիակը մասնակի ծածկված է եղել պոլիէթիլենային պարկերով:
Դիակի շրջակայքում հայտնաբերվել է սավան, պոլիէթիլենային պարկ, որի մեջ և կողքին եղել են տարբեր իրեր, խաղալիք, սննդի մնացորդներ:
Օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ ծննդկանին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Հարցումներ են ուղարկվել Կապանի, Գորիսի և Սիսիանի բժշկական կենտրոններ կրկին ծննդկանի ինքնությունը պարզելու համար:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է։
Հայտնել էինք, որ 2023թ. մարտի 20-ին, ժամը 15:30-ին, քաղաքացին զանգահարել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դիակ կա:
Նա ասել է, որ վերոհիշյալ տեղանքում աստղաշուշան հավաքելու ընթացքում շան հաչոցի վրա մոտեցել և հայտնաբերել է նորածնի դիակն ու անմիջապես զանգահարել է ոստիկանություն: