Նիկոլ Փաշինյանն ընդունել է գերմանացի պատգամավորներին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է գերմանացի պատգամավորներին
Անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ գործընկերությունը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ։
Վարչապետը նշել է, որ իր՝ մարտի 2-3-ը ԳԴՀ այցից կարճ ժամանակ անց Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան վկայում է, որ երկու երկրների փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են: Անդրադառնալով ԳԴՀ իր կատարած այցին՝ Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել այն և նշել, որ Բեռլինից վերադարձել է ջերմ տպավորություններով:
Պատգամավորական խմբի փոխնախագահ Թաբեա Ռյոսների խոսքով՝ Բունդեսթագի պատգամավորների այցը ՀՀ արդյունավետ երկխոսության շարունակականության դրսևորում է, որի շրջանակում իրենք արդեն իսկ հանդիպումներ են ունեցել խորհրդարանական գործընկերների, կառավարության ներկայացուցիչների հետ:
Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի դերը ՀՀ-ԳԴՀ համագործակցության զարգացման առումով և քննարկել երկկողմ օրակարգի հարցեր:
Ի թիվ այլ հարցերի՝ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, անվտանգային մարտահրավերների, խաղաղության օրակարգի շուրջ: Այս համատեքստում վարչապետը կարևորել է ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության դերը:
Անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամին: Խնդրի կարգավորման առումով կարևորվել է միջազգային հանրության հետևողական հասցեական արձագանքը, Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին հրապարակված որոշման կատարումը Ադրբեջանի կողմից:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է գերմանացի պատգամավորներին