Մոսկվան կարձագանքի, քանի որ Արևմուտքը սկսում է միջուկային բաղադրիչով զենք կիրառել. Պուտին

Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարը հայտարարել է Ուկրաինային ոչ միայն տանկեր, այլև աղքատացված ուրանով արկեր մատակարարելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Եթե հավաքական Արևմուտքը սկսի միջուկային բաղադրիչով զենք կիրառել, ապա Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Անաբել Գոլդին հայտարարել էր, որ Բրիտանիան Ուկրաինային աղքատացված ուրանով զինամթերք կփոխանցի:
«Կցանկանայի այս կապակցությամբ նշել, որ եթե այդ ամենը տեղի ունենա, ապա Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել համապատասխան կերպով՝ նկատի ունենալով, որ հավաքական Արևմուտքն արդեն սկսում է միջուկային բաղադրիչով զենք կիրառել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պուտինը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցինփինի հետ բանակցությունների ավարտին:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր հերթին նույնպես արձագանքել է Լոնդոնի նախաձեռնությանը՝ հայտարարելով, որ «Ռուսաստանը պատասխանելու բան ունի, նա պարտքի տակ չի մնա»:
«Այստեղ միայն մի բան կարելի է ասել․ աստիճաններն այնքան էլ շատ չեն, ևս մեկ աստիճան անցան, ավելի ու ավելի քիչ աստիճաններ են մնում։ Հիմա տեսնենք, թե ինչ են նրանք պատրաստվում կիրառել»,-ասել Է Շոյգուն լրագրողներին։
Սի Ծինփինն աշխատանքային այցով Ռուսաստան է ժամանել մարտի 20-ին, սա նրա առաջին արտասահմանյան այցն է պետության ղեկավարի պաշտոնում երրորդ ժամկետով վերընտրվելուց հետո: Նա ՌԴ-ում հայտարարել է, որ Պեկինը և Մոսկվան հուսալի գործընկերներ են, ու որ անհանգիստ աշխարհում ՉԺՀ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ միասին վճռականորեն պաշտպանել միջազգային իրավունքը: ՌԴ նախագահի հրավերով Չինաստանի ղեկավարի այցը կտևի մարտի 20-22-ը: