ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. 1 տարվա ընթացքում Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպքերը նվազել են 30%-ով։ 2021թ.–ի 108 դեպքի դիմաց` 2022թ.-ին գրանցվել է 76 դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
2022թ.-ի ընթացքում քննվող վարույթների շրջանակում ապօրինի ծառահատմամբ բնությանը պատճառված բացահայտված վնասը կազմել է շուրջ 32 մլն դրամ, որը շուրջ 7 անգամ քիչ է 2021թ.–ի պարզված պատճառված վնասի չափից (2021-ին եղել է 234 մլն դրամ)։
ՔԿ–ի տվյալներով նվազել են նաև քննիչների կողմից քննություն առած ապօրինի ծառահատումներին առնչվող դեպքերը։ 2022 թ–ին եղել է 114 քրեական վարույթ, իսկ 2021թ.–ին քննված քրեական գործերի քանակը եղել է 138-ը։
«2021 և 2022թթ.–ի ընթացքում մարզում ապօրինի ծառահատումների համար քրեական հետապնդում է հարուցվել 39 անձի նկատմամբ, այդ թվում՝ 11 անտառապահ, 3 անտառապետ»,- ասված է հաղորդագրությունում։
Նախորդ երկու տարվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ ավարտվել և դատարան է ուղարկվել ընդհանուր 24 քրեական վարույթ՝ 24 անձի վերաբերյալ։